38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հուսով եմ՝ մի օր կտեսնեմ տատիս երազած Նախիջևանը

Հուսով եմ՝ մի օր կտեսնեմ տատիս  երազած Նախիջևանը
10.02.2017 | 12:02

Ծեծով, կոծով, հրով, սըրով,
Ծով Արազի ափը հասանք:
Արազը ծով, Արազն ելման,
Դուրս է եկել իր ափերից:
Ետևը սուր, առաջը ջուր,
Սուգ, վայնասուն, իրարանցում,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկած՝ գետը լըցվում...
Հովհ. Թումանյան

Երբ փոքր էի, տատս, ինձ գիրկն առած, ամեն գիշեր ինչ-ինչ պատմություններ էր պատմում՝ մե՛կ ժպտալով, մե՛կ մեղմորեն սրբելով աչքերի արտասուքը։ Այն ժամանակ այդ ամենն ինձ հետաքրքրաշարժ հեքիաթ էր թվում, որն ամեն գիշեր՝ քնելուց առաջ, ուզում էի լսել։ Միայն տարիներ անց հասկացա, որ դա Նախիջևանի գաղթականների դաժան անցյալի տխուր պատմությունն է, որից անմասն չէր նաև տատիս ընտանիքը: Եվ թեև տատս՝ Լյուսյա Պետրոսի Մարտիրոսյանը, որ ծնվել է 1922 թ. Երևանում, երբեք չէր տեսել իր հայրական գյուղը՝ Նախճավան գավառի Շխմահմուդը (նախկինում՝ Շմրթան), և գյուղի ու դրա ճակատագրի մասին լսել էր միայն մորից, այնքան ուժգին էր սիրում այն և այնպես գունեղ ու պատկերավոր էր պատմում դրա մասին, որ թվում էր՝ նրան ծանոթ են գյուղում ամեն մի թուփ, ամեն մի քար։ Այնպես որ, ես ինքս, իմ մանկական հուշերում, վստահ էի՝ եթե հասնեմ Նախիջևան, կգտնեմ նրանց գյուղը, տունը, այգին։ Այնքան պարզ եմ հիշում նրա ամեն մի բառը...


«Մեր գյուղը,- սկսում էր նա,- բավականին մեծ էր՝ տեղակայված Նախճավան գավառում, Նախիջևան քաղաքից 5 կմ հեռավորության վրա, համանուն գետի աջ ափին՝ հարթ ու բերրի վայրում»։
Հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում գտնվող հայկական պատմական այս գավառի մասին հիշատակություններ կան դեռ պատմահայր Մովսես Խորենացու մոտ, որտեղ այն հիշատակվում է Նախճավան անունով։ Այն հնուց ի վեր եղել է հայ ժողովրդի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում դարերի փոշով ծածկված պատմական ու ճարտարապետական բազում քրիստոնեական հուշարձաններ կային (դրանց ճակատագրի մասին, ցավոք, այսօր տեղեկություն չունեմ), որոնցից մեկն էլ՝ XVI-XVII դդ. հիմնված Սբ Աստվածածին եկեղեցին, գտնվում էր Շխմահմուդ գյուղի կենտրոնական թաղամասում, որից միայն 1889 թ. հյուսիսային մուտքի մոտ կառուցված զանգակատունն էր պահպանվել։ Այդ մշակութային արժեքները գավառը հնագույն դարերից հայերին պատկանելու աներկբա ապացույցներ էին, որոնք այսօր, հավանաբար, ոչնչացվել են։


Ըստ Աստվածաշնչի՝ Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մեջ տարբեր անվանումներ է ունեցել: Օրինակ՝ հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճևան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերն այն ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի։ Տեղանքն այդ գեղեցիկ անունը հավանաբար ստացել է իր գեղեցիկ բնության, բերրի հողերի և բերքառատ այգիների պատճառով, որոնց շնորհիվ տեղի բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրել։ Տատս պատմում էր, որ հայրը խոշոր ագարակատեր է եղել. զբաղվել է թե՛ անասնապահությամբ, թե՛ հողագործությամբ։
Չարաբաստիկ 1918 թվականը գլխիվայր շրջել է խաղաղ բնակչության բնականոն կյանքի ընթացքը՝ հազարավոր ընտանիքների արմատախիլ անելով իրենց հայրենի հողից և զրկելով տուն ու տեղից, հարազատներից, հոգու խաղաղությունից։


«Մայրս պատմում էր,- շարունակում էր նա,- որ ամեն ինչ շատ հանկարծակի է սկսվել. նախ՝ տեղի թաթարները սկսել են գյուղով մեկ պտտվել և բղավել, թե ռուս «տապորնիկներն» են գալիս՝ գյուղացիներին կոտորելու, ապա թիկունքից կրակոցներ են լսվել։ Արհեստական խուճապից շփոթված՝ գյուղացիները գլխապատառ փախուստի են դիմել։ Այդ ժամանակ մեր ընտանիքը յուղ հալելիս է եղել։ Երբ կրակոցները սկսվել են, տատս, շերեփը ձեռքին, փախել է, սակայն ճանապարհին նկատելով, որ գլուխը բաց է, հետ է վերադարձել՝ գլխաշորը վերցնելու և հենց տան պատի մոտ թուրքի գնդակից սպանվել է (այն միտքը, որ տատիս մարմինն անգամ չի կարողացել հողին հանձնել, ուրվականի պես անդադար հետևում էր հորս ու անսահման ցավ պատճառում)։ Մայրս ասում էր, որ Անդրանիկն իր փոքրաթիվ զորքերով կենաց-մահու կռիվ է տվել՝ կաշկանդելով թշնամուն և հնարավորություն տալով Նախիջևանի բնակչությանը՝ տարհանվելու։ Բայց միգուցե այդ կոտորածը և տարհանումը չլինեին, եթե մերոնք, իրենց հարևան թաթարներին «բարեկամ» համարելու փոխարեն, ոտքի կանգնեին ու կռվեին հանուն իրենց կյանքի, հողի, տուն ու տեղի, պատվի, բայց փոխարենը, ականջ չդնելով Անդրանիկի նախազգուշացումներին, թե մի քանի օրից թուրքերը հարձակվելու են, խնդրել են նրան չդիպչել թաթարներին, որոնցից նույնը կարելի լինի ակնկալել ապագայում։ Բայց ապագան ցույց տվեց, որ իրենց «բարեկամ» թաթարները ոչ միայն մոռացան իրենց հարևանության մասին, այլև միացած ասկյարներին՝ արյան բաղնիքներ կազմակերպեցին հայերի համար, կոտորեցին, կողոպտեցին ու տիրացան նրանց ունեցվածքին, տուն ու տեղին»:
Ժամանակի մամուլը վկայում է, որ նրանք նաև ազատություն տալով իրենց վայրենի կրքերին, հայ տղամարդկանց սպանելուց առաջ կապել են ծառերից և նրանց աչքերի առջև 10-12 հոգով բռնաբարել հայ կանանց և աղջիկներին, որոնք անպատիվ ապրելու փոխարեն դիմել են ինքնասպանության։


«Հորեղբորս ավագ և կրտսեր տղաները,- հառաչելով շարունակում էր տատս,- չհասցնելով փախչել, թաքնվել են մի մեծ ծառի փչակում և ականատես եղել, թե վայրագ թուրքերն ինչպես են գյուղացիներին իրար վրա շարում, պարանով կապում և քառատում։ Թեև նրանք ողջ էին մնացել, սակայն այդ սահմռկեցուցիչ տեսարանները հավետ խաթարել էին հորեղբորս ավագ որդու հոգու անդորրը։ Ա՜խ, իմ հայ ժողովուրդ, տառապած ու տանջված, ինչո՞ւ ես այդքան շուտ մոռանում և ներում հարևան թշնամու արածները. եթե միայն իմանայիր... սիրտս մղկտում է, երբ մտածում եմ, որ միգուցե կարելի էր խուսափել այդ ամենից, եթե... եթե ժամանակին խելամիտ գտնվեին, Անդրանիկին և նրա զորքին մերժելու փոխարեն օգնեին, սննդով, հագուստով, զենքով և մարտնչող զինվորներով ապահովեին, որոնց կարիքն այդքան զգում էին այդ նույն ժողովրդին պաշտպանող տղաները, գուցե այսօր իրենց հողում ապահով ապրեին, բայց ավա՜ղ...»:
Տատիս այս խոսքերը, որոնք մանկության տարիներին բոլորովին ընկալելի չէին, հասկացա միայն հայկական վաշտի (այն վաշտի, որը հիմք էր դարձել Անդրանիկի վերջին զորամասի` Հայկական առանձին հարվածող ջոկատի կազմավորման համար) հրամանատարներից Անատոլի Գրիգորևիչ Կոլմակովի «Պատմական հայկական վաշտը» ակնարկաշարի գրառումներն ընթերցելուց հետո. «...Երբ Անդրանիկն առաջարկեց օգնել զորքին, Նախիջևանի հայերը եսասիրաբար հայտարարեցին, թե ոչինչ չունեն, մինչդեռ գաղթի տրամադրությունը համակելուց հետո ասպարեզ բերվեցին անբավ ապրանքներ, որոնք ոչ իրենք կարող էին տանել և ոչ էլ նահանջող զորքը»։ Ցավոտ է իրականությունը, բայց ի՞նչ կարելի է անել. անցյալը չես փոխի, եղածը եղած է...


«Սոսկալի է եղել գաղթի ճանապարհը։ Մայրս այն հիշելիս արտասվում էր և շշուկով պատմում, թե ինչպես են ճանապարհին կորցրել իր քրոջ երկու դուստրերին, ապա գտել ու նորից կորցրել։ Եվ հատկապես դառը կսկիծով էր հիշում 6 ամսական դստրիկի կորուստը, որը, ջրծաղիկով վարակված, մի ցուրտ գիշեր քնել և չէր արթնացել»։


Ա. Կոլմակովն այդ դեպքերի վերաբերյալ գրում է. «Վեց օր անց մենք շարժվեցինք առաջ, իսկ մեր հետևից` փախստականները: Առավոտից մինչև երեկո բարձրանում էինք ձյունածածկ սարի կատարը։ Այդ սարը Գողթան գավառը Կապանից բաժանող 3904 մետր բարձրությամբ Կապուտջուղն էր: Բարձրանում էինք հարավային անդունդներից դեպի ձյունածածկ բարձունքներ մագլցելով: Հսկա բազմությունը շարժվում էր միայն ոլորապտույտ կածանով, որով մեկ մարդ կամ մեկ ձի կարող էր քայլել: Օդը չէր բավականացնում, ուստի 15-20 քայլից հետո լեռնային բարձրությանն անսովոր մարդիկ հանգիստ էին խնդրում: Ձիերը, մարդիկ ընկնում էին հոգնածությունից, գնդակներից: Թուրքերը ողջ ճանապարհին կրակում էին մեզ վրա»։ Անդրանիկը Հովհաննես Թումանյանին ուղղված իր նամակներից մեկում նույնպես անդրադարձել է այդ դեպքերին. «Նախիջևանցի գաղթականությունը մերկ ու սոված թափված է դաշտերու, ձորերու մեջ: Ներկա ցուրտ եղանակին հազարավոր գաղթականություն մնացած է, չէ տեղավորված և ոչ մի ապահովություն չունի վաղվա ուտելիքի մասին: Օրական հարյուրով կմեռնին անտեր և կմնան անթաղ»։ Տատս հիշում էր մոր խոսքերը, թե իրենք, Անդրանիկի ուղեկցությամբ, ինչպես են հասել Կամո, այն է՝ Գավառ, և այդտեղից տեղափոխվել Երևան։ Բայց Անդրանիկը նրանց մինչև ուր է ուղեկցել, չեմ կարող ասել, քանզի նա, պաշտոնական զինվորական հրամանով վտարված լինելով հայոց զորաշարքերից (չհնազանդվելով ռազմական հրամանին, այն է՝ զենքը վայր դնել, գործել էր զինվորական տեսակետից ամենածանր հանցանքը և ենթակա էր դատապարտման), չէր կարող ոտք դնել Հայաստանի Հանրապետության տարածք, հակառակ դեպքում պետք է զինաթափվեր և զինվորական դատի հանձնվեր: Մինչդեռ այդ նույն «հանցագործ համարվող» հերոսը, մի խումբ հայրենասեր տղաների գլուխ անցած, քաջազնական կռիվներ մղելով Նախիջևան-Գորիս-Եվլախ կարևորագույն ռազմավարական ճանապարհի միջնամասում (թուրքերի «երկու հայրենիքները» իրար միացնող ամենակարճ ճանապարհը Նախիջևան-Սիսիան-Գորիս-Շուշի-Եվլախ ուղին էր, ովքեր գրավելով Նախիջևանը՝ ջանում էին առաջ շարժվել)՝ ոչ միայն խոչընդոտ հանդիսացավ երկու կողմերից իրար միանալ ձգտող թուրք-ադրբեջանական բանակների համար, այլև պատվով դրեց Զանգեզուրը Հայաստանին վերադարձնելու հիմքը, որն ավելի ուշ ավարտին հասցրեց Գարեգին Նժդեհը։
«Հայրս, որ փախուստից առաջ հասցրել էր վերցնել ոսկե և թղթե դրամներով լի մի քանի պարկ և ոսկեպատ ու արծաթապատ կազմով մի մեծ գիրք, իսկ մայրս իր վրա էր կրել ոսկյա կոպեկներով զարդարված ճակատակալերն ու գոտիները, ճանապարհին հնարավորության դեպքում ոսկու մի մասը փոխանակել է սննդի հետ և այդպես ընտանիքը փրկել սովամահությունից (մայրս ասում էր, որ մեկ կտոր հացը թանկարժեք ականջօղ արժեր, մեկ աման մածունը կամ մի կտոր պանիրը` ոսկի, և հիշում էր, թե ինչպես են մի պարկ ոսկին փոխանակել մի արկղ չամիչի հետ, քանզի այն ուշ էր փչանում և առավելագույնս հագեցնում էր քաղցը), իսկ մյուս մասը քաղցից և հոգնածությունից ուժասպառ այլևս չկարողանալով տանել, գրքի հետ մեկտեղ, թաղել են ճանապարհին՝ ավելի ուշ վերադառնալու և վերցնելու հստակ որոշմամբ, և իրենց հետ միայն թղթադրամներով լի թեթև պարկերն են վերցրել, որոնք մի կերպ քարշ տալով Երևան՝ աղբն են նետել, քանզի այստեղ ցավով պարզել են, որ դրանք այլևս ոչ մի արժեք չունեն։ Սակայն Երևանում նրանց անհավանական անակնկալ է սպասվել. հայրիկիս հովիվը, գյուղում կրակոցներ լսելուն պես հավաքելով անասունների ողջ հոտը, բերել-հասցրել է Երևան ու այստեղ հանդիպել հորս։ Այսպես հայրս մսավաճառ է դարձել, նոր տուն կառուցել, շատ թե քիչ բնականոն կյանքի վերադարձել։


Տարիներ անց մայրս ինչ-ինչ աղբյուրներից պարզել էր, որ հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը գաղթի ճանապարհին կորցրած իր քրոջ երկու աղջիկներից մեկի դուստրն է։ Իմանալով, որ Հայաստան է գալիս, շտապել էր օդանավակայան, բայց ուշացել էր, և այլևս առիթ չէր ունեցել տեսնելու նրան։ ՈՒստի ես փորձեցի մի քանի անգամ կապ հաստատել նրա հետ, բայց կրկին ապարդյուն։ Եվ երբ նրան տեսնելու հույսս բոլորովին մարել էր, մի օր (արդեն պատկառելի տարիքում էի՝ 89 տ.) հեռախոսս զնգաց, լսափողը վերցրի և զարմանքից կարկամեցի. Ռոզի Արմենն էր, որ գալով Երևան՝ ճակատագրի բերումով գնացել էր այն նույն ատամնաբուժարանը, որտեղ թոռնուհիս է աշխատում։ Երկար զրուցելուց հետո պայմանավորվեցինք, որ մայիսին, երբ կրկին Երևան գա, անպայման կհանդիպենք»։
Ցավոք, տատս այդպես էլ չհանդիպեց «զարմուհուն», քանզի փետրվարին մահացավ՝ առհավետ մութ թողնելով նրանց արյունակցական կապի ստույգ լինելը։


Ահա և ողջ պատմությունը, որը տարիներ շարունակ լսել եմ ու լսել։ Այսօր այդ տխուր դեպքերի՝ Նախիջևան գավառի հայաթափության ու կոտորածի մասին, ցավոք, գրեթե տեղեկություն չկա (գոնե ես ոչ մի կերպ չկարողացա գտնել)։ Եվ երբ ձեռքս ընկավ ադրբեջանցի հեղինակ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, շատ ուրախացա, քանզի որոշակի տեղեկություններ քաղեցի այդ գավառի, մասնավորապես՝ ժամանակին նրա խոշոր քաղաքներից մեկի՝ Ագուլիսի հետագա ճակատագրի մասին։ Հեղինակը գրում է, որ Ագուլիսի կոտորածից հետո այնտեղ այլևս խաղաղություն չկա։ Յուրաքանչյուր ընտանիք, որը զավթել է հայի տուն, դժբախտ է յուրովի, և զավակները վճարում են իրենց ծնողների կատարած մեղքի դիմաց:
Հուսով եմ՝ մի օր կտեսնեմ տատիս երազած Նախիջևանը:


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 38237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ